Նժդեհ-Մանթաշյան խաչմերուկի «նստացույցը» և ոստիկանության անտարբերությունը
01.11.2026 | 12:29
Արդեն երկար ժամանակ է, ինչ Գարեգին Նժդեհ–Մանթաշյան փողոցների խաչմերուկը որոշակի ժամերին անանցանելի է: Հատկապես Եղիշե Թադևոսյան–Մանթաշյան փողոցներից այդ խաչմերուկ մուտք գործել ցանկացողները ստիպված են կիլոմետրանոց հերթ կանգնել: Խաչմերուկում պատկերը միշտ նույնն է՝ մեջտեղում կանգնած են Երևանի քաղաքապետարանի «բարեփոխված» տրանսպորտն ու բեռնատար մեքենաները:
Նախ՝ ի՞նչ գործ ունեն բեռնատարները ամենապիկ ժամերին քաղաքի ամենաբանուկ խաչմերուկներից մեկում: Եթե չեմ սխալվում, Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ վերջիններիս մուտքը քաղաք թույլատրվել է միայն որոշակի ժամերի: Բացի դրանից՝ «բարեփոխված» տրանսպորտի և բեռնատարների վարորդները «թքած ունեն» ՀՀ-ում գործող օրենքների, մասնավորապես՝ ծանրաբեռնված խաչմերուկ մուտք գործելու արգելքի վրա:
ՀՀ ներքին գործերի նախարարությունն ունի 102 ծառայություն: Ծառայության աշխատակիցը կարծիք է հայտնում, թե խաչմերուկի խցանումն ինչ-որ «նստացույցի» արդյունք է: Ի դեպ, «նստացույց» Գարեգին Նժդեհ–Մանթաշյան խաչմերուկում հաճախ է լինում, սակայն դա «մեր իմացած» նստացույցը չէ: Խաչմերուկում հաճախ կայանված է լինում ոստիկանական ավտոմեքենա, որում նստած են ոստիկաններ: Սակայն վերջիններս խցանման բացման հետ որևէ առնչություն ունենալ չեն ցանկանում: Ավելին՝ խցանման առաջացմանը զուգընթաց՝ ոստիկանական մեքենան հեռանում է խաչմերուկից:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Մեկնաբանություններ